
ՀԷՑ-ի պետականացման գործընթացը մեկնարկել է. քննարկվում է նաև բաժնետոմսերի հասանելիության հնարավորությունը քաղաքացիների համար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ կառավարության գործընկեր խմբակցությունը արդեն շրջանառության մեջ է դրել ՀԷՑ-ի պետականացման օրենքի նախագծի փոփոխությունները։ Նախագիծը մոտ օրերս կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում։
Նախարարն ընդգծել է, որ գործընթացը նպատակաուղղված չէ մասնավոր բիզնեսին տիրանալուն, այլ վերաբերում է էլեկտրաէներգիայի մատակարարման որակի բարելավմանը։ Նա նշել է, որ այսօր արձանագրվում են դեպքեր, երբ էլեկտրաէներգիայի անջատումները խոչընդոտում են գործարանների և ձեռնարկությունների բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով վերջիններս ֆինանսական կորուստներ են կրում։ Նա բերել է օրինակներ, երբ հոսանքի անջատումների պատճառով մասնավոր ընկերությունների նոր տեխնոլոգիաները փչացել են։
Փաշինյանը նշել է, որ պետական կառավարման փուլից հետո պետք է քննարկվեն հետագա սցենարները։ Նա հայտարարել է, որ կարևոր ռազմավարական նպատակ է բաժնետոմսերի ազատ շրջանառության հնարավորության ապահովումը, հատկապես՝ քաղաքացիների ներգրավմամբ։
Մենք պետք է ապահովենք, որ Հայաստանի քաղաքացիները՝ ոչ միայն ընկերությունները կամ կորպորացիաները, այլ հենց քաղաքացիները, իրենց խնայողությունները կարողանան ներդնել և բաժնետոմսեր ձեռք բերել։ Սա կարևոր է նաև նրանով, որ նրանք այդ բաժնետոմսերը կարողանան փոխանցել իրենց երեխաներին, սերունդներին,- ասել է Փաշինյանը։
Նման մոտեցում, վարչապետի խոսքով, նախատեսվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում՝ նպատակ ունենալով ընդլայնել քաղաքացիների մասնակցությունը երկրի խոշոր ռազմավարական կառույցների կառավարմանը։