ԿրթությունՀայաստան

Դպրոցների ֆինանսավորման նոր մոդելը կբերի ուսուցիչների աշխատավարձի բարձրացման

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հանրակրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումների առանցքում ուսուցիչներն են։ Նախարարը շեշտել է, որ 2023 թվականից ներդրված ֆինանսավորման նոր կարգը ոչ միայն փոխել է դպրոցների ֆինանսավորման տրամաբանությունը, այլ նաև անդրադարձել է ուսուցիչների աշխատավարձի ու աշխատանքային պայմանների վրա։

Աշակերտների թվով ֆինանսավորումից անցում է կատարվել դասարանների հաշվարկով նորմատիվային ֆինանսավորման մոդելի, ինչը հիմք է դարձել ուսուցիչների վարձատրության և ծանրաբեռնվածության վերանայման համար։

ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ ուսուցիչների վարձատրությունը մեկ անգամ բարձրացել է 2019 թվականին՝ համատարած 10 տոկոսով: Այնուհետև, 2020 թվականին սահմանվել է ուսուցչի վարձատրության նվազագույն շեմ՝ 108 հազար 800 դրամ: Ֆինանսավորման նոր կարգով 2023 թվականից ուսուցչի նվազագույն աշխատավարձը սահմանվել է 119,900 դրամ:

Բացի դրանից, նոր պետական չափորոշչի ներդրմանը զուգահեռ փոփոխվել է ուսուցիչների շաբաթական ժամաբաշխումը. տարրական դասարաններում 22 ժամի փոխարեն այժմ սահմանված է 18 ժամ, իսկ միջին ու ավագ դասարաններում՝ 20 ժամ։ Սա հանգեցրել է մեկ դասաժամի արժեքի աճի՝ համապատասխանաբար 20% և 10%։

Ուսուցիչների աջակցությունը, սակայն, սահմանափակված չէ միայն վարձատրությամբ։ Անդրեասյանի խոսքով՝ կրթության որակի բարձրացման նպատակով ներդրվել են լրացուցիչ մեխանիզմներ, օրինակ՝ առաջադիմության խնդիր ունեցող երեխաներին տրամադրվող երկարօրյա պարապմունքներ։ Արդյունքում՝ 13,400-ից ավելի աշակերտ բարելավել է կրթական առաջադիմությունը։

Նախարարությունը վստահ է՝ ուսուցիչների աշխատանքային պայմանների բարելավումը երկարաժամկետ արդյունք կտա կրթության որակի բարձրացման գործում։