
Քրեական վարույթ է նախաձեռնվել Ֆինանսների նախարարի նկատմամբ
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Վարույթը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության փաստին (Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով)։ Այն հարուցվել է փաստաբանների ներկայացրած հաղորդման հիման վրա:
Փաստաբանների ակումբը ուսումնասիրել է նախարարի հայտարարագրերը՝ սկսած 2021 թվականից, երբ նա նշանակվել է ֆինանսների փոխնախարար։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց դիտարկմամբ՝ պաշտոնը ստանձնելուց հետո Հովհաննիսյանը ստացել է 1 միլիոն դոլար առանց տոկոսադրույքի փոխառություն։ Այդ գումարով նա ձեռք է բերել իտալական «Կարիտաս Իտալիանա» ընկերության 100 տոկոս բաժնեմասը։ Ընկերությունը հետագայում վերակազմավորվել է «Ջի կոդեր»-ի, իսկ բաժնետոմսերը փոխանցվել են նախարարի ազգականին։
Փաստաբանները պնդում են, որ հենց այս ընկերությունն է 2023 թվականին կառավարությունից ստացել մոտ 1.8 մլրդ դրամի մաքսային արտոնություն։ Բացի այդ, ըստ հաղորդման, Վահե Հովհաննիսյանն առնչություն ունի ևս չորս ընկերությունների հետ։ Դրանց թվում է «ԷլՍիԷմՍի» ՍՊԸ-ն, որին նախարարը ավելի քան 35 միլիոն դրամ փոխառություն է տվել։
Հակակոռուպցիոն կոմիտեն այժմ քննում է ներկայացված փաստերն ու սկսված վարույթի շրջանակում կհստակեցնի՝ արդյոք տեղի է ունեցել պաշտոնեական լիազորությունների չարաշահում կամ այլ իրավախախտում։