
ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հեռացել են Մայր Աթոռի տարածքից
Հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին բերման ենթարկելու փորձից հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, կանխելով իրավիճակի հնարավոր սրումը, որոշել են դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն։
Տարածքում հավաքվել են մի շարք հոգևորականներ և քաղաքացիներ, և հրմշտողներ էին սկսվել իրավապահների և նրանց միջև։
Միաժամանակ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է զանգվածային լրատվամիջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով։ Այդ որոշման կատարումը հանձնարարվել է ԱԱԾ-ին։
Քննչական կոմիտեից հայտնում են նաև, որ միջադեպի ընթացքում որոշ անձինք խոչընդոտել են իրավապահների գործողությունները, և այդ փաստով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց հետո նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։