ՀայաստանՔաղաքականություն

Միքայել Աջապահյանը ոտքով շարժվում է դեպի Քննչական կոմիտե

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Էջմիածնում տեղի ունեցած միջադեպից և ձերբակալման չստացված փորձից հետո ոտքով ուղևորվում է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Նրան ուղեկցում են հոգևորականներ, փաստաբաններ և քաղաքացիներ։

Ավելի վաղ՝ հունիսի 27-ի առավոտյան, ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները փորձել էին բերման ենթարկել Աջապահյանին՝ Քննչական կոմիտեի կողմից սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը զավթելու կոչերի հոդվածով հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում լարված պայքար էր սկսվել հոգևորականների, հավատացյալների և իրավապահների միջև։

Աջապահյանը մի պահ նստել էր ԱԱԾ մեքենան, սակայն մարդկանց միջամտությամբ դուրս էր եկել և վերադարձել Վեհարան։ Դրանից հետո ԱԱԾ-ն և ոստիկանությունը դուրս էին եկել Մայր Աթոռի տարածքից՝ փորձելով կանխել իրավիճակի հետագա սրումը։

Միքայել Աջապահյանը միջադեպը համարել էր «մասկի շոու» և իշխանության ուժի ցուցադրում՝ շեշտելով, որ չի հրաժարվում իր խոսքերից, սակայն իրեն առաջադրված մեղադրանքն անվանում է «շինծու և ապօրինի»։