Տեխնոլոգիական շաբաթ Վանաձորում․ սկսվում է Tech Week 2025-ը
Հուլիսի 4-ին Վանաձորում կմեկնարկի տեխնոլոգիաներին նվիրված ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Tech Week 2025-ը։ Միջոցառումը նախատեսվում է անցկացնել հագեցած և բազմաբովանդակ ծրագրով՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ տեխնոլոգիաներից մինչև կրթություն ու համայնքային համագործակցություն։
Tech Week-ի կազմակերպիչները նշել են, որ Վանաձորի ընտրությունը պատահական չէ։ Նախաձեռնության նպատակը տեխնոլոգիական կյանքի կենտրոնը Երևանից տեղափոխելն է դեպի մարզեր։ Նախորդ տարի այն անցկացվել էր Գյումրիում։
Միջոցառման շրջանակում նախատեսված են կոնֆերանսներ, պանելային քննարկումներ, տեխնոլոգիական մրցույթներ ու հաքաթոններ և աշխատանքային գործնական աշխատարաններ։
Tech Week-ի կազմակերպիչ Գայանե Գրիգորյանի խոսքով՝ ուշադրությունը կենտրոնանալու է մարզային մասնագիտական ներուժի բացահայտման վրա։ Աշխատարանները վարելու են ոլորտի լավագույն մասնագետները՝ օգնելով մասնակիցներին կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում։
Իսկ նրանց համար, ովքեր արդեն ներգրավված են ոլորտում, նախատեսվում են առանձին միջոցառումներ ու հարթակներ փորձի փոխանակման և նոր կապերի ձևավորման համար։
Շաբաթն ամփոփվելու է մեծ համերգով Վանաձորի կենտրոնական հրապարակում։
