ՀայաստանՍոցիալական

Հունիսի 27-ին ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ

Հունիսի 27-ին՝ Երևանի տարբեր հատվածներում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, ոստիկանության կողմից ձերբակալվածների թվում եղել են նաև անչափահասներ։ Տեղեկությունը հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ ոստիկանության բաժանմունքներում իրականացրած արագ արձագանքման այցերի արդյունքում։

ՄԻՊ աշխատակազմը շեշտում է, որ անչափահասի ազատությունից զրկումը պետք է դիտարկվի որպես վերջին միջոց և կիրառվի բացառապես կարճ ժամկետով։ Անչափահասների հետ ցանկացած գործողություն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով նրանց տարիքը, խոցելիությունը և զարգացման կարիքները։

Պաշտպանի աշխատակազմն ընդգծել է՝ անչափահասներին պետք է անհապաղ հնարավորություն տրվի կապ հաստատել ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ, ինչպես նաև օգտվել իրավաբանական օգնությունից։

Ազատությունից զրկված անձանց հետ անցկացված առանձնազրույցների ընթացքում վերջիններս բարձրաձայնել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ձերբակալությունների իրավաչափության վերաբերյալ անհամաձայնություն։ Որոշ հարցեր տեղում քննարկվել են ոստիկանության ներկայացուցիչների հետ և ստացել են լուծում։