
Կապանի թիվ 9 դպրոցը հաղթել է «Վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարում
Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, կայացել է «Վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի թիմային մրցաշարի եզրափակիչ փուլը։
Եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության 11 դպրոցների թիմերը, որոնք հաղթող էին ճանաչվել մարզային և համայնքային փուլերում։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկված են եղել 7 աշակերտ (5 տղա և 2 աղջիկ), ովքեր հաղթահարել են 5000 մետր մրցատարածություն։
Առաջին տեղը գրավել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Վայոց ձորի Արենիի և Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցները։
Հաղթող թիմերը և նրանց անդամները պարգևատրվել են դրամական մրցանակներով, գավաթներով, մեդալներով և հավաստագրերով։ Առաջին տեղը զբաղեցրած թիմի անդամները ստացել են 150 հազարական դրամ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ 700 հազար դրամ։ Երկրորդ և երրորդ տեղերի թիմերը նույնպես արժանացել են ֆինանսական պարգևների։
Այս տարի խճուղավազքի մրցաշարի մարզային փուլին մասնակցել է շուրջ 2700 աշակերտ 381 դպրոցից։
Մրցաշարի փակմանը ելույթով հանդես է եկել նաև վարչապետը՝ խոսելով դպրոցից դուրս կրթական ու մարզական ակտիվության խթանման կարևորության մասին։ Նա նշել է, որ նախատեսվում է նոր նախագծեր սկսել, այդ թվում՝ դպրոցականների լողի մրցաշար և հեղինակային երգի փառատոն։