ՀայաստանՊատահար

Խորոնք գյուղում մարիխուանա պահելու համար ձերբակալվել է 35-ամյա տղամարդ

Արմավիրի մարզի Խորոնք գյուղում իրավապահները բացահայտել են մարիխուանայի ապօրինի պահման և աճեցման հերթական դեպքը։ Տեղի բնակիչ՝ 35-ամյա տղամարդը ձերբակալվել է իր տան տանիքում ու խորդանոցում մեծ քանակությամբ թմրանյութին նմանվող զանգված պահելու մեղադրանքով։

Հունիսի 26-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում կատարվել է զննություն տղամարդու բնակության վայրում։ Իրավապահների տվյալներով, տան տանիքում հայտնաբերվել է մոտ 7.5 կիլոգրամ չորացված կանեփի բույս, իսկ հատակին՝ մոտ 900 գրամ չորացրած և մանրացված զանգված, որը, ըստ նախնական վարկածի, մարիխուանա է։

Նույն օրն անցկացված խուզարկության ընթացքում ևս 142 գրամ նույն տեսակի զանգված է հայտնաբերվել խորդանոցում՝ արկղի մեջ։ Տանտերը հայտնել է, որ բոլոր հայտնաբերված բույսերն ու զանգվածները իրեն են պատկանում, և ինքն է դրանք աճեցրել ու մշակել։

Դեպքի առթիվ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

Սեդա Մարտոյան