ՀայաստանՍոցիալական

Երևանի քաղաքապետարանը գործարկել է Yes թվային հարթակը

Երևանի քաղաքապետարանը գործարկել է Yes թվային հարթակը, որի միջոցով հնարավոր է օգտվել քաղաքապետարանի և նրա ենթակառուցվածքների կողմից մատուցվող բոլոր ծառայություններից՝ առանց տանից դուրս գալու։ Հարթակը ստեղծվել է այն նպատակով, որպեսզի քաղաքացու համար քաղաքային ծառայությունները դառնան ավելի պարզ, հարմար ու հասանելի։

Հարթակից օգտվելը հնարավոր է մեկանգամյա գրանցմամբ։ Գրանցվելուց հետո քաղաքացին կարող է դիտել և կատարել իր գույքային, հողային և տրանսպորտային հարկերի վճարումները, ստանալ տեղեկատվական ծառայություններ, հետևել դիմումների ընթացքին, ինչպես նաև օգտվել քաղաքացու համար նախատեսված էլեկտրոնային գրասենյակից։

Էլեկտրոնային գրասենյակը ապահովում է քաղաքապետարան ներկայացված դիմումների ամբողջական պահպանությունը՝ ներառյալ դրանց վերաբերյալ ստացված պատասխանները։ Այս ձևաչափը թույլ է տալիս քաղաքացուն հստակ հետևել իր բոլոր գրավոր հաղորդակցություններին և պահպանել դրանց պատմությունը մեկ տեղում։

Համակարգը ինքնաշխատ ճանաչում է քաղաքացու անունով գրանցված անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները և հաշվարկում դրանց դիմաց առաջացած պարտավորությունները։ Այլևս անհրաժեշտություն չկա հիշելու կադաստրային ծածկագրեր կամ վկայականների համարներ։

Սեդա Մարտոյան