
Աբովյան փողոցի երկու խոշոր շենքեր դուրս են եկել պետական հաշվեկշռից և դարձել անհատի սեփականությունը
Պետական պաշտոնյաների անգործության հետևանքով շուրջ 400 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույք դուրս է եկել պետական հաշվեկշռից և անցել Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերությունների սեփականությանը։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ նախաքննական մարմնի տվյալների՝ կառավարությանը առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը, գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ գործարար Սամվել Մայրապետյանի հետ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ի շահ վերջինիս պատկանող ընկերությունների։ 2007 թվականին կառավարության որոշմամբ Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերությանն ուղիղ վաճառքով հանձնվել է Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող 1250 քմ մակերեսով շենքը և 56 քմ մակերեսով ավտոտնակը՝ պայմանով, որ ընկերությունը կիրականացնի շուրջ 150 միլիոն դրամի ներդրումներ՝ գույքի վերանորոգման և վերականգնման նպատակով։
Սակայն պայմանագրով նախատեսված ներդրումները փաստացի չեն իրականացվել։ Փոխարենը՝ պաշտոնատար անձը ոչ միայն չի դիմել դատարան՝ պարտավորությունների չկատարման հիմքով պայմանագիրը լուծելու համար, այլև ընդունել է ժամկետանց և հիմնազուրկ հաշվետվություն, հաստատել ներդրումների կատարման մասին տվյալներ ու դրանք փոխանցել կադաստրի կոմիտեին։ Այս տվյալների հիման վրա գույքի նկատմամբ գրավի իրավունքը հանվել է, և պետությունը կորցրել է շուրջ 222 միլիոն դրամ արժեք ունեցող գույք։
Նմանատիպ իրավիճակ է արձանագրվել նաև 2005 թվականին Աբովյան 8 հասցեում գտնվող 638.2 քմ տարածքի օտարման պայմանագրի կատարման դեպքում։ Նույն գործարարին պատկանող մեկ այլ ընկերության նկատմամբ կիրառված նույն մոտեցման արդյունքում պետությունը զրկվել է ևս 178.5 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքից։ Այս դրվագում ևս նախկին պաշտոնյան չի ձեռնարկել որևէ իրավական գործողություն պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման պայմաններում։
Քրեական վարույթով հաստատվել է, որ պաշտոնատար անձը, խախտելով իր ծառայողական պարտականությունները, կատարել է գործողություններ, որոնք հանգեցրել են պետական սեփականության էական վնասի։ Նրա նկատմամբ առաջադրվել է մեղադրանք՝պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Նախաքննությունն ավարտվել է, գործը փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։