ՀայաստանՍոցիալական

Եթե չվճարես տրանսպորտում, կարող ես տուգանվել մինչև 15 հազար դրամ

Տրանսպորտում չվճարելու կամ տրանսպորտային քարտը չվավերացնելու համար քաղաքացիները կարող են տուգանվել։ Ազգային ժողովում քննարկվել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ ուղևորները, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից առանց վճարելու, կտուգանվեն 15 հազար դրամով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ հասարակական տրանսպորտից առանց վճարելու օգտվելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10.000 դրամով։

Եթե քաղաքացին օգտվում է արտոնյալ քարտից, որը պատկանում է ուրիշ մարդու, այսինքն՝ քարտն իրենը չէ կամ ինքը արտոնություն չունի, ապա տուգանքը կլինի 15.000 դրամ։

Իսկ այն դեպքերում, երբ քաղաքացին ունի վճարային կամ արտոնյալ քարտ, բայց տրանսպորտի մեջ չի վավերացնում այն, այսինքն՝ քարտը սարքի մեջ չի անցկացնում, տուգանքը կլինի 3.000 դրամ։

Միաժամանակ, նշվում է, որ եթե քաղաքացին ցանկացել է կատարել վավերացում, բայց սարքը տեխնիկական խնդիր է ունեցել, և այդ պատճառով հնարավոր չի եղել քարտը գրանցել, ապա տվյալ դեպքում տուգանք չի կիրառվի։

Օրենսդրական փոփոխությունն այս պահին քննարկման փուլում է, և այն ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի վերջնական ընդունումից հետո։

Սեդա Մարտոյան