«Ազատություն Սամվել Կարապետյանին». պայքար պաստառի, թե՝ ուղերձի դեմ
Հուլիսի 1-ի առավոտյան Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոնի արտաքին ճակատային հատվածից սկսել են հանել «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները։ Այդ հատվածում տեղադրված է եղել վեց պաստառ։
Պաստառների ապամոնտաժման աշխատանքներին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները և ոստիկանության ծառայողներ։
Ավելի վաղ՝ հունիսի 25-ին Հյուսիսային պողոտայի սկզբնամասում ապամոնտաժվել են բոլոր՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» պաստառները։ Հունիսի 30-ին, նման գործողություններ էին իրականացվել նաև «Տաշիր» առևտրի կենտրոնում․ այնտեղ տեղադրված մեծ պաստառը նույնպես ապամոնտաժվել է։
Քաղաքապետարանը, վկայակոչելով Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշումը, պաստառները դիտարկել է որպես արտաքին գովազդ, որը տեղադրվել է առանց վարչակազմի ղեկավարի թույլտվության։
«Տաշիր» ընկերության փաստաբան Վարդան Ալոյանը գործընթացը որակել է ապօրինի և հայտարարել է, որ պատրաստվում են բողոքարկել քաղաքապետարանի գործողությունները դատարանում։ Մինչ այս պահը քաղաքապետարանը և ոստիկանությունը լրացուցիչ պարզաբանումներ չեն տվել։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել և 2 ամսով կալանավորվել էր հունիսի 18-ին։
