ՀայաստանՄշակույթ

Հայկական սփյուռքի թեմերի ղեկավարները գալիս են Հայաստան․ ի՞նչ է սպասվում Հայ Առաքելական Եկեղեցում

Հայ Առաքելական Եկեղեցու հայկական սփյուռքում գործող թեմերի ղեկավարները կժամանեն Հայաստան՝ թեմական ժողով անցկացնելու և եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Հայկական սփյուռքում այս պահին գործում է շուրջ 26 թեմ։

Վերջերս Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչները հանդիպել էին Գարեգին Բ-ին։ Ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն մտահոգություն էր հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անվտանգության ուժերի գործողությունների վերաբերյալ։

Նա հայտարարել էր քահանաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և ստեղծված դժվարին իրավիճակից դուրս գալու ելքերը հանգիստ քննարկելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև կոչ էր արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին խորհրդակցություններ անցկացնել քաղաքական ուժերի և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հետ։

Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարեց, որ եթե հաստատվի Գարեգին Բ կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտի խախտումը, ապա նա իրավունք չունի կրել Ամենայն հայոց կաթողիկոսի կոչումը։ Հունիսի 9-ին վարչապետը կրկին պնդեց՝ Գարեգին Բ-ն ունի զավակ և խախտել է կուսակրոնության ուխտը՝ դրանով իսկ կորցնելով եպիսկոպոս, արքեպիսկոպոս և կաթողիկոս լինելու իրավունքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս հունիսի 9-ին սոցիալական ցանցերում հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ առաջարկել էր ստեղծել համակարգող խումբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին վեհարանից հեռացնելու գործընթացի համար։