
Արդեն ստեղծվել է հայկական ChatGPT-ն՝ HyGPT անվամբ
Սփյուռքում բնակվող հայազգի ծրագրավորող Արմեն Աթայանը ներկայացրել է հայերենով աշխատող առաջին մեծ լեզվային մոդելը՝ HyGPT-ն։ Այն կարելի է առցանց տիրույթում՝ անվճար հիմունքներով։
HyGPT-ն արհեստական բանականության վրա հիմնված ծրագիր է, որը կարող է պատասխանել հարցերին, գրել տեքստեր, օգնել կրթական կամ աշխատանքային գործընթացում։ Այն հատուկ մշակվել է արևելահայերենի համար և միտված է տեխնոլոգիական դաշտում հայերենի դիրքերը ամրապնդմանը։
HyGPT-ի ստեղծման գործընթացում օգտագործվել են հայկական լրատվամիջոցների հոդվածներ, մաքրված վեբ-բովանդակություն, հայերեն Վիքիպեդիայի գրառումներ, գրական ստեղծագործություններ, գիտական հրապարակումներ և այլ հանրամատչելի աղբյուրներ։
Նախագիծն իրականացվել է մի քանի կարևոր ուղղություններով։ Սկզբում ընտրվել է համապատասխան հիմքային մոդել, որին հաջորդել է արևելահայերենում ներկայացուցչական և մեծածավալ կորպուսի հավաքագրումն ու մանրակրկիտ պատրաստումը։ Այնուհետև իրականացվել է նախնական ուսուցում՝ մոդելը հայերենի հետ արդյունավետ աշխատեցնելու նպատակով։ Ծրագրի ընթացքում ներդրվել են մի շարք նորարարական լուծումներ, որոնք ուղղված էին մոդելի որակի բարձրացմանը։ Ավելին, կատարվել է հրահանգների վրա հիմնված ուսուցում, ինչը զգալիորեն բարելավել է մոդելի երկխոսության ունակությունները։
HyGPT-ի հեղինակ Արմեն Աթայանը ապրում է Ղազախստանում և այնտեղ արդեն ստեղծել է նման մոդել նաև ղազախերենի համար՝ Irbis GPT-ը։ Առաջիկայում նա նախատեսում է նաև ստեղծել լեզվային մոդել Լյուքսեմբուրգի և Ուզբեկստանի համար։
HyGPT-ի ստեղծողները հույս ունեն, որ այն օգտակար կլինի թե՛ ուսանողների, թե՛ լրագրողների, թե՛ ծրագրավորողների համար, և կօգնի զարգացնել նոր թվային նախաձեռնություններ հայերենով։