ՀայաստանՍոցիալական

Սյունիքի մարզում կրկին խմելու ջրի խնդիր էր առաջացել

Սյունիքի մարզում հերթական անգամ խախտվել է խմելու ջրի մատակարարումը։ «Վեոլիա Ջուր» ընկերության հաղորդմամբ՝ հուլիսի 3-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 4-ի՝ ժամը 09:00-ն, վթարի վերացման աշխատանքների պատճառով դադարեցվել է ջրամատակարարումը Գորիս քաղաքում և 18 գյուղական բնակավայրերում, այդ թվում՝ Խնձորեսկում, Ներքին Խնձորեսկում, Տեղում, Շինուհայրում, Հալիձորում, Իշխանասարում, Սպանդարյանում, Աշոտավանում և այլուր։

Մինչդեռ Գորիս համայնքի սահմանամերձ մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝ սահմանամերձ Խնձորեսկում և սահմանապահ Ներքին Խնձորեսկում, բնակիչները ջուր չունեն արդեն մի քանի օր շարունակ։ Այս իրավիճակը շարունակվում է տարիներ շարունակ։ Այս մասին Amnews-ից հայտնեցին Խնձորեսկ բնակավայրից։ Չնայած մենք բազմիցս անդրադարձել ենք այս խնդրին, այնուամենայնից, այն այդպես էլ չի լուծվում։

Բացի այդ, ահազանգեր ստացանք նաև Գորիս քաղաքի տարբեր հասցեներից, որոնց թվում են Գալստյան, Խորենացու, Վանքի տափ, Մամիկոնյան, Ավանգարդ և այլ փողոցներ։ Բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ բազմիցս փորձել են թեժ գիծ զանգահարել, անգամ մի քանի տարի առաջ բողոքի էին դուրս եկել Վեոլիա ջրի դեմ, սակայն մինչև այժմ խնդիրը ամբողջությամբ լուծված չէ։

Խնդիրը կա նաև Որոտան համայնքում։ Բնակիչներից մեկը Amnews-ին հայտնեց, որ 4 ամիս է, ինչ սահմանապահ Որոտանում բնակիչները խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Բնակիչները դիմել են համապատասխան կառույցների, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվել։

Հարկ է նշել, որ Սյունիքի մարզի գյուղերի մեծ մասը կա՛մ սահմանամերձ են, կա՛մ սահմանապահ։ Այնուամենայնիվ տասնյակ ընտանիքներ զրկված են ամենաառաջնայինից՝ խմելու և կենցաղային ջուր ունենալու հնարավորությունից։ Ջրամատակարարման մենաշնորհ ունեցող «Վեոլիա Ջուր» ընկերության անպատասխանատու և անբարեխիղճ գործունեությունը վկայում է պայմանագրային ու սոցիալական պարտավորությունների խախտման մասին։