
Սանիտարական խախտումների պատճառով կասեցվել է երևանյան կրթական կենտրոնի խոհանոցի գործունեությունը
Երևանի Ավետ Ավետիսյան փողոցում գործող «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում սանիտարական լուրջ խախտումներ են արձանագրվել։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ սննդի պատրաստման գործընթացները չեն համապատասխանում հիգիենային ներկայացվող պահանջներին։ Խոհանոցի առաստաղները, պատուհաններն ու դռները չեն ունեցել հարթ մակերես և պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող ու չներծծող նյութերից։ Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային սեղանները չեն գտնվել նորոգ վիճակում։ Բացի այդ, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի մշակման սենյակներից մեկի մեջ՝ խախտելով սանիտարական նորմերը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Կենտրոնին սահմանվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար։