ՀայաստանՍպորտ

Մարզիչների միայն 5 տոկոսն է ատեստավորվել․ գործարկվում է նոր վերապատրաստման ծրագիր

Հայաստանի մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման համակարգում լուրջ բացեր են արձանագրվել։ Այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսի 3-ին կայացած Կառավարության նիստում։ Նրա խոսքով, մինչ օրս գործող վերապատրաստման ձևաչափերը բավարար չեն եղել ոլորտի իրական կարիքներին համապատասխան զարգացում ապահովելու համար։

Պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականին, երբ առաջին անգամ անցկացվեց արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացը, մարզիչների մասնակցությունը և դրական արդյունքները չափազանց ցածր են եղել։

12 մարզաձևերից կամավոր ատեստավորմանը մասնակցել է ընդամենը 272 մարզիչ՝ մարզիչ-մանկավարժների 22.64%-ը։ Սակայն այդ մարզիչներից ընդամենը 55-ն են հաջողությամբ անցել ատեստավորումը (5%-ը):

Կառավարությունը մեկնարկում է մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր, որը իրականացվելու է ոլորտի մասնագետների և մարզական ֆեդերացիաների հետ համատեղ։

Ծրագրի նպատակն է բարձրացնել մարզիչների մասնագիտական որակավորումը՝ հաշվի առնելով ժամանակակից սպորտի միջազգային չափանիշները։

Նոր ծրագիրը նախատեսում է 3-օրյա վերապատրաստում՝ ներառելով թե՛ տեսական դասընթացներ, թե՛ գործնական պարապմունքներ։

Վերապատրաստման գործընթացը կիրականացվի մարզական ֆեդերացիաների և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ։ Մասնավորապես, ծրագրվում է արտերկրից հրավիրել փորձառու մասնագետներ, որոնք իրենց միջազգային փորձը կփոխանցեն հայ մարզիչներին։

Սեդա Մարտոյան