«Տաշիր գրուպ»-ի գրասենյակում խուզարկություններից հետո կան կալանավորվածներ
«Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում նախօրեին իրականացված խուզարկություններից հետո արդեն կան կալանավորվածներ։ Քննչական կոմիտեն հաստատել է, որ երկու անձ կալանավորվել է, ևս երկուսի վերաբերյալ ներկայացվել է միջնորդություն՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
Ըստ ՔԿ հաղորդման՝ ընդհանուր առմամբ չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Քրեական վարույթն ընթանում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հարկերից ու տուրքերից խուսափելու փաստերով։ Քննության շրջանակում են իրականացվել նաև խուզարկություններ «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում։
Նախաքննությունը շարունակվում է։
Եթե դիտարկենք վերջին զարգացումները՝ կապված «Տաշիր գրուպ»-ի գրասենյակում իրականացված խուզարկությունների և փողերի լվացման գործով հարուցված քրեական հետապնդման հետ, ակնհայտ է, որ այս ամենը զերծ չէ քաղաքական ենթատեքստից։
