ԱշխարհՀայաստանՔաղաքականություն

Թուրքական ընդդիմադիր կուսակցությունը ցանկանում է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետն անվանել Թալեաթի անունով

Թուրքիայի «Լավ կուսակցության» նախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն և նույն կուսակցության 28 պատգամավորներ Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահությանը ներկայացրել են օրինագիծ՝ Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Ալիջան սահմանային դարպասը «Թալեաթ փաշա սահմանային դարպաս» վերանվանելու վերաբերյալ։

Այս առաջարկը արվում է այն պահին, երբ դեռևս անհստակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի և Ալիջան-Մարգարա անցակետի ապագան։ Մինչ քաղաքական գործիչները խոսում են հարաբերությունների վերականգնման հնարավորության մասին, Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունն առաջարկում է սահմանը կոչել Օսմանյան կայսրության վերջին ներքին գործերի նախարարներից մեկի՝ Թալեաթ փաշայի անունով, որը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկն է։

«Լավ կուսակցության» օրինագծում այս առաջարկը ներկայացվում է որպես պատմական հիշողության վերաիմաստավորման քայլ։ Այդուհանդերձ, Թուրքիայի կառավարությունը դեռ չի արձագանքել նախաձեռնությանը։

Թե ինչպես կընդունվի այս առաջարկը Թուրքիայում և ինչ արձագանք կունենա Հայաստանում, պարզ կլինի առաջիկայում։

Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունն ավարտել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի Մարգարա-Ալիջան անցակետի հայաստանյան հատվածի վերանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքները։