
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի 50-ամյակը կնշվի երաժշտական ծրագրով
Հուլիսի 9-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանը կտոնի իր հիմնադրման 50-ամյակը՝ կազմակերպելով բացառիկ երաժշտական երեկո թանգարանի տարածքում։
Տոնական միջոցառման ընթացքում ելույթ կունենա աշխարհահռչակ Eden-Stell Guitar Duo-ն՝ ժամանակակից դասական կիթառի ամենահեղինակավոր դուետներից մեկը։
Դուետը կներկայացնի իր նոր ձայնասկավառակը, որն առաջինն է իր տեսակի մեջ՝ արտասահմանցի երաժիշտների կողմից ստեղծված և հիմնված բացառապես հայկական երաժշտության ու պոեզիայի վրա։ Ձայնասկավառակի ստեղծումը միտված է Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային ներկայացմանը և տարածմանը։
Երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորներ Սարաջյանի, Սթելի և Բաբաջանյանի ստեղծագործությունները։
Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը նշել է, որ հոբելյանական միջոցառումը կարևորում է թանգարանի և միջազգային մշակութային շրջանակների միջև համագործակցության շարունակականությունը։
Eden-Stell Guitar Duo-ն տարիներ շարունակ հանդես է եկել հեղինակավոր բեմերում ու փառատոններում՝ Գերմանիայից մինչև Ավստրալիա։
Դուետի անդամները նաև VIDA Guitar Quartet-ի հիմնադիրներն են՝ քառյակ, որը ճանաչվում է որպես աշխարհի առաջատար դասական կիթառային խմբերից մեկը։