Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը զրպարտության և վիրավորանքի համար դատի է տվել իշխող ուժի պատգամավորներին

Կալանքի տակ գտնվող գործարար, բարերար Սամվել Կարապետյանը դատական հայցեր է ներկայացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ՝ զրպարտչական և վիրավորական արտահայտությունների համար։ Հայցադիմումները ուղարկվել են Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։

Կարապետյանը պահանջում է, որ երկու պատգամավորներն էլ հերքեն իրեն վերագրված հայտարարությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրեն և յուրաքանչյուրն իրեն վճարի 9 մլն դրամ՝ որպես փոխհատուցում։

Հայցը վերաբերում է Արսեն Թորոսյանի կողմից Ազգային ժողովի ամբիոնից արված հայտարարություններին, որտեղ նա անդրադառնալով երկու անձանց՝ նշել է․ «…ուրիշի անունը Սամվել Կարապետյանն է», հավելելով, թե նրանց «պորտը Լուբլյանկայում են կտրել, ՖՍԲ-ի շտաբ կվարտիրայում»։ Բացի այդ, Կարապետյանը զրպարտություն է համարում Թորոսյանի այն հայտարարությունը, թե իբր ինքը, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) հանձնարարությամբ է հանդես եկել ընդդեմ ՀՀ իշխանության։

Իսկ Հայկ Կոնջորյանի հասցեին հայցը վերաբերում է մի շարք ծանր գնահատականների, որոնք հնչեցվել են ԱԺ-ում 2025 թվականի հունիսի 17-18-ի նիստերի ընթացքում։ Կոնջորյանը, ըստ Կարապետյանի, նրան անվանել է «օլիգարխիայի թև», «ծառայամիտ հացկատակ պնակալեզ», «տրոյական վեղարի մարտագլխիկի» մաս, ինչպես նաև մեղադրել է հայ ժողովրդին թալանելու, պետական գույք էժան գնով ձեռք բերելու և բարեգործության անվան տակ չնչին ներդրումներ կատարելու մեջ։

Սամվել Կարապետյանը պահանջում է, որպեսզի Արսեն Թորոսյանն ու Հայկ Կոնջորյանը հրապարակայնորեն ներողություն խնդրեն և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջերում հերքում տարածեն։ Անհնարինության դեպքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում նրանք պետք է հանդես գան հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։