
Բոլոր տեղահանված արցախցիները կարող են օգտվել բնակարանային պետական ծրագրից
2025 թվականի հուլիսի 1-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր ընտանիքներն արդեն կարող են դիմել պետական բնակարանային աջակցության ծրագրին։ Անկախ ընտանիքի կազմից կամ սոցիալական կարգավիճակից՝ դիմելը հնարավոր է առանց սահմանափակումների։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2027 թվականի դեկտեմբերի 31-ն է։
Նախկինում ծրագիրը նախատեսվում էր իրականացնել փուլերով՝ սկսած բազմազավակ ընտանիքներից մինչև առանց երեխաների ընտանիքները։ Սակայն դիմումների մեծ հոսքի պատճառով որոշում է կայացվել միավորել բոլոր փուլերը։ Ծրագրի շրջանակում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրամադրվող գումարը կախված է բնակավայրից։ Երևանում և երևանամերձ որոշ համայնքներում այն կազմում է 3 միլիոն դրամ։ Արարատում, Չարենցավանում, Ծաղկաձորում, Էջմիածնում և այլ բնակավայրերում՝ 4 միլիոն դրամ։ Սահմանամերձ և արտոնյալ բնակավայրերում՝ 5 միլիոն դրամ։
Այն ընտանիքները, որոնք ստացել են ավելի ցածր չափով աջակցություն, այժմ կարող են ստանալ տարբերության չափով գումար՝ որպես դրական մնացորդ։ Դրական մնացորդը կարելի է օգտագործել տան վերանորոգման, կահույքի, տեխնիկայի, կամ գյուղատնտեսական նշանակության հող գնելու համար։ Հնարավոր է նաև, որ տունը կառուցվի ֆիզիկական անձի կողմից, սակայն այդ դեպքում պետք է կիրառվեն քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված տիպային նախագծերը։
Նոր կարգով, ծրագրի շահառու կարող են լինել նաև այն երեխաները, որոնք ծնվել են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Պետությունը կփոխհատուցի նաև անշարժ գույքի պետական գրանցման համար նախատեսված վճարները, որոնք միջինը կազմում են մոտ 72 հազար դրամ։ Գումարը հետադարձ ուժով կվերադարձվի նաև նրանց, ովքեր արդեն կատարել են գրանցումը։
Բացառված չէ նաև դիմման մերժումը։ Այդ դեպքում շահառուն կարող է երկու ամսվա ընթացքում գրավոր դիմում-բողոք ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Դիմումները կուսումնասիրվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։