
Երևանի քաղաքապետարանի ու Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաները կալանավորվել են կաշառք ստանալու գործով
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյա և Շենգավիթ վարչական շրջանի մեկ պաշտոնյա կալանավորվել են կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ պարզվել է, որ քաղաքապետարանի աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբով, օգտվելով իրենց լիազորություններից, 2024թ․ հուլիսին և դեկտեմբերին կաշառք են ստացել շինարարական և կոյուղատար համակարգի ապօրինի աշխատանքների նկատմամբ հովանավորչության և վարչական պատասխանատվությունից խուսափելու համար։ Կաշառքի ընդհանուր գումարը կազմել է 400.000 դրամ։
Բացի այդ, Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարը 2024թ․ մայիսին ևս ստացել է կաշառք՝ հագուստի խանութի ապօրինի տեղադրված արտաքին գովազդը թույլատրելու և չապամոնտաժելու նպատակով։
Գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ այդ թվում 435-րդ և 441-րդ հոդվածներով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, կաշառքի ստացում)։ Կաշառք տված անձին ևս ներկայացվել է մեղադրանք։
Երեք պաշտոնյաներն այժմ կալանքի տակ են։ Գործի նախաքննությունն ավարտվել է, և այն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ մեղադրական եզրակացությամբ։