ՀայաստանՍոցիալական

Ավինյանը խոստովանում է՝ երթևեկության փոփոխությունները խնդիրներ են առաջացնում, բայց անխուսափելի են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում իրականացվող երթևեկության փոփոխություններն այս փուլում որոշ անհարմարություններ են ստեղծում ավտովարորդների համար, սակայն դրանք անհրաժեշտ են՝ երկարաժամկետ դրական արդյունքի հասնելու համար։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Ավինյանը խոսել է հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ներդրման մասին՝ նշելով, որ ամառը լավագույն ժամանակահատվածն է նման փոփոխություններ սկսելու համար՝ փողոցների համեմատաբար փոքր բեռնվածության պատճառով։ Ըստ նրա՝ այդ ամենը հնարավորություն է ստեղծում, որպեսզի ավտոբուսները ավելացնեն միջին արագությունը։

«Այո՛, երբ ավտոբուսներին արտոնություն ենք տալիս՝ իրենց միջին արագությունը բարձրացնելու նպատակով, որոշ խնդիրներ անխուսափելիորեն առաջանում են անձնական ավտոմեքենաների վարորդների համար։ Սակայն միաժամանակ մենք գործի ենք դրել մեխանիզմներ, որոնց միջոցով փորձում ենք երթևեկությունն ավելի շարունակական ու հոսքային դարձնել», — նշել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ երթևեկության փոփոխությունների պլանավորումը հիմնվում է Իլ դը Ֆրանս ինստիտուտի վերլուծությունների վրա, որոնք տեղայնացվում են՝ հաշվի առնելով նաև ճանապարհային ոստիկանության, պարեկային ծառայության և քաղաքապետարանի առաջարկները։

Ավինյանը նաև հայտարարել է առաջիկա հերթական փոփոխության մասին․ Սարյան փողոցը կդառնա միակողմանի։ Փոփոխություններ են սպասվում նաև քաղաքի փոքր կենտրոնում։

Քաղաքապետը շեշտել է, որ Երևանում մեքենաների թիվը գնալով ավելանում է և դա կարող է մեծ խնդիրներ առաջացնել։

Նշենք, որ վերջին շաբաթներին Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում իրականացվել են երթևեկության փոփոխություններ, ավելացել են հանրային տրանսպորտի համար առանձնացված գծեր, ինչը դժգոհությունների ալիք է բարձրացրել վարորդների շրջանում՝ խցանումների և երթևեկության փոփոխված ռեժիմի պատճառով։