
ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի փոփոխության հայտը մերժվել է
Հուլիսի 8-ին կայացած նիստում Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի փոփոխման առաջարկը։ ՀԷՑ-ը նախատեսում էր 2025 թվականին ավելացնել ներդրումների ծավալը՝ 47.6 միլիարդ դրամից հասցնելով 53.98 միլիարդի։
Հանձնաժողովը նշել է երկու հիմնական պատճառ, թե ինչու հայտը չհաստատվեց։ Նախ՝ ծրագրված աշխատանքները կարող էին բերել պլանային անջատումների մեծ ավելացման և էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վատթարացման։ Երկրորդը՝ առաջարկվող բարձր ներդրումները կհանգեցնեին սակագնային բարդությունների և ֆինանսական խնդիրների։
Ըստ հաշվարկների՝ առաջարկվող փոփոխությունները կարող էին առաջացնել ավելի քան 10 միլիարդ դրամի ներդրումային ծախսերի ուշացում սակագների միջոցով փոխհատուցելու հարցում։ Այս ամենը վտանգելու էր էներգետիկ համակարգի հուսալիությունն ու ֆինանսական կայունությունը։
Հանձնաժողովը որոշեց, որ ՀԷՑ-ի փոփոխության առաջարկը չի ապահովում սպառողների շահերի և ընկերության շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը։
Որոշումն ընդունվել է 3 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։