
Բագրատ սրբազանի փաստաբանը 150 հայց է նախապատրաստում զրպարտության և վիրավորանքի գործերով
Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ մոտ ժամանակներում շուրջ 150 քաղաքացիական հայց կներկայացվի դատարան՝ զրպարտության և վիրավորանքի հիմքով։ Հայցադիմումներն ուղղված կլինեն տարբեր անձանց դեմ, ովքեր, ըստ փաստաբանի, խախտել են անմեղության կանխավարկածը և արատավորել են սրբազանի անունը։
Բազմաթիվ մարդիկ կան. այս պահի դրությամբ 150 անուն ֆիքսել ենք, որոնց գործողություններում ակնհայտ են և դատարանների կողմից բավարարման ենթակա վիրավորական և զրպարտչական խոսքը, — նշել է Խուդոյանը ասուլիսի ընթացքում։
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Բագրատ սրբազանի հետ որոշել են զազրախոսների դեմ քաղաքացիական հայցեր ներկայացնել և առաջիկայում դատարան կներկայացվի հայցերի առաջին տասնյակը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես էր եկել նաև «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը՝ տեղեկացնելով, որ արդեն սկսել են զրպարտիչ հրապարակումների դեմ քաղաքացիական հայցեր ներկայացնել դատարան՝ ի նշան գործարարի բարի համբավի պաշտպանության։