ՀայաստանՍոցիալական

Շիրակի մարզում ոռոգման սեզոնը շարունակվում է առանց խափանումների

Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում այս պահին առկա է բավարար ջրային պաշար՝ գյուղատնտեսական աշխատանքներն անխափան իրականացնելու համար։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Նշվում է, որ դեռևս մարտ ամսվա առաջին տասնօրյակից ջրի կուտակման աշխատանքներ են իրականացվել Կառնուտի ջրամբարում՝ Շիրակի մայր ջրանցքի միջոցով։ Այդ քայլը նախապես ուղղված է եղել ոռոգման անխափան կազմակերպմանը։

Մարզային խորհրդի հերթական նիստի ընթացքում մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը հայտնել է, որ 2025 թվականին Շիրակի մարզում մշակվել է 11,144 հեկտար աշնանացան և 22,837 հեկտար գարնանացան մշակաբույս։

Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը միտված նախաձեռնություններից է նաև արևային էներգիայի կիրառումը։ Ասիական Զարգացման Բանկի և Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ Ձիթհանքով, Հոռոմ, Նոր Կյանք, Ազատան և Ամասիա համայնքներում կտեղադրվեն 40 կՎտ հզորությամբ արևային կայաններ։ Ստացված եկամուտը կուղղվի տվյալ համայնքներում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններին աջակցելու գործին։

Բացի այդ, մարզում շարունակվում են մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքները։ Այս նպատակով Շիրակի մարզին անհատույց տրամադրվել է 427.6 լիտր թունանյութ, որը նախատեսված է 5345 հա տարածքի վրա կիրառելու համար։

Շիրակում գործում է 7 ջրամբար՝ Ախուրյանի, Արփի լճի, Կապսի, Կառնուտի, Մանթաշի, Սառնաղբյուրի և Վարդաքարի, որոնք հանդիսանում են մարզի ոռոգման համակարգի կարևոր բաղադրիչները։

Նշենք, որ մի քանի տարի մարզում ոռոգման ջրի սակավություն կար։ Այդ պատճառով դաշտերը սպասվածից ավելի ուշ էին ոռոգվում։