
Իջևանի նախկին համայնքապետը մեղադրվում է հողամաս յուրացնելու և փողերի լվացման մեջ
Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման համար։
Ըստ նախաքննության տվյալների՝ Վարուժան Ներսիսյանը, ով 1999-2011 թվականներին զբաղեցրել է Իջևանի համայնքապետի պաշտոնը, շահադիտական նպատակներով փորձել է իրենով անել Իջևան քաղաքի կենտրոնում՝ Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասը։ Այդ նպատակով նա կազմակերպել է ձևական աճուրդ, որի արդյունքում 2006 թվականի փետրվարի 24-ին հողամասը վաճառվել է 1.991.800 դրամով՝ իր նախկին ենթակայի անվամբ, սակայն առանց նրա գիտության։ Փաստացի հողատարածքը դարձել է հենց Վարուժան Ներսիսյանի սեփականությունը։
Համայնքի նախկին ղեկավարը շարունակել է ապօրինի գործարքը՝ պարտադրելով իր նախկին ենթակային հողատարածքի սեփականության իրավունքը փոխանցել մի անձի, ով նրա հետ փոխկապակցված է եղել։ Այս կերպ փորձ է արվել թաքցնել գույքի իրական պատկանելությունն ու դրա հանցավոր ծագումը։
Քննության արդյունքում Վարուժան Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացում՝ առանձնապես խոշոր չափերով): Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։