ՀայաստանՔաղաքականություն

Վաղարշապատի ավագանու լիազորությունները դադարեցվել են. ընդդիմությունը քաղաքական մոտիվներ է տեսնում

Կառավարությունն հուլիսի 10-ին որոշեց դադարեցնել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները։ Որպես հիմնավորում նշվել է, որ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու նպատակով հրավիրված ավագանու նիստերը երկու անգամ չեն կայացել՝ իրավազորության բացակայության պատճառով։

Ըստ որոշման՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում ավագանին չի ապահովել ղեկավարի ընտրության համար անհրաժեշտ քվորումը, ինչն օրենսդրորեն բավարար հիմք է լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։

Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր ներկայացրել։ Հունիսի 12-ին նախատեսված էր համայնքապետի ընտրության նիստ, որը տապալվեց ՔՊ խմբակցության 15 անդամների բացակայության պատճառով։ Նիստին մասնակցեցին միայն ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, ուստի քվորում չապահովվեց։

Հուլիսի 3-ին Ազգային ժողովը 60 կողմ, 26 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման օրենսդրական նախագիծը։ Ընդդիմադիրները դեմ էին, հայտարարելով, որ իշխանությունը փորձում է վերակազմավորել ավագանին՝ ՔՊ-ին քաղաքական վերահսկողություն ապահովելու նպատակով։

Նոր ընտրությունները Վաղարշապատում նախատեսված են նոյեմբերի 16-ին։ Մինչ այդ համայնքն անցումային փուլում կղեկավարեն կառավարության նշանակած պաշտոնատար անձինք։

Չնայած իշխանությունները հայտարարում են, որ գործընթացը տեղի է ունենում օրենքի սահմաններում, ընդդիմադիրները շարունակաբար բարձրաձայնում են հնարավոր քաղաքական դրդապատճառների մասին։