
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյանի և Ալիևի մոտ 5 ժամ տևած հանդիպումը
Աբու Դաբիում այսօր՝ հուլիսի 10-ին, ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ հանդիպումը տևել է մոտ 5 ժամ և անցել է փակ դռների հետևում։
Հանդիպումը մեկնարկել էր առավոտյան մոտավորապես ժամը 08:00-ին։ Սկզբում հանդիպմանը մասնակցել են նաև պատվիրակության անդամները, սակայն ընդմիջումից հետո Փաշինյան-Ալիև հանդիպումւը շարունակվել է առանց նրանց՝ փակ դռների հետևում։
Ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանը՝ հանդիպելով Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել էր, որ պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ու Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Նա հույս էր հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում։
Հանդիպման բովանդակության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն այս պահի դրությամբ դեռևս չի հրապարակվել։ Ռուսաստանի պետական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին, հայտնել էր, որ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ հակասությունների քննարկումն է։ Նույն աղբյուրի համաձայն՝ կողմերի նպատակը մինչև տարեվերջ փաստաթղթի ստորագրման հասնելն է։
Հիշեցնենք՝ վերջին ամիսներին միջնորդներն ուսումնասիրում էին խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման տարբեր վայրեր, որոնց շարքում էին նաև Վաշինգտոնն ու Աբու Դաբին։
Այս հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ առաջինն էր ԱՄԷ տարածքում։
Հիշեցնենք` վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են 2025 թվականի մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Կողմերը Տիրանա էին մեկնել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։