
Պետությունը փորձում է վերադարձնել կրկեսի շենքը․ ի՞նչ է իրականում կատարվում Ագաթանգեղոսի 1 հասցեում
Հայաստանի կառավարությունը կրկին փորձում է վերադարձնել Երևանի կրկեսի շենքը։
Պետական գույքի կառավարման կոմիտեն հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ «Երևանյան կրկես» ՍՊԸ-ից բռնագանձման միջոցով վերցվեն շենքը, օժանդակ շինությունները և հողատարածքը ու վերադարձվեն պետությանը։ Պարզ ասած՝ պետությունն ուզում է կրկեսի շենքը ճանաչվի որպես հանրապետության սեփականություն և դուրս գա մասնավոր ընկերության վերահսկողությունից։
Հայցը դատարան մուտք է գործել հուլիսի 7-ին։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին, սակայն վարույթ ընդունելու որոշում դեռ չկա։
Պետությունը ոչ միայն պահանջում է բռնագանձել գույքը, այլև լուծել այն պայմանագրերը, որոնց հիման վրա տարիներ առաջ շենքը, հողը և օժանդակ կառույցները դուրս են եկել հանրային սեփականությունից։ Կոմիտեն պահանջում է անվավեր ճանաչել սեփականության իրավունքի գրանցումները, այդ թվում՝ Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող շենքի՝ 6070 քմ տարածքով, օժանդակ շինության՝ 180.9 քմ տարածքով և դրանց տակ գտնվող մոտ 0.58 հա հողամասի նկատմամբ կատարված պետական գրանցումները։
Այս ամենի հիմքում տարիներ առաջ տեղի ունեցած գույքի օտարումն է։
2006-ին ստեղծված «Երևանյան կրկես» ընկերությունը դեռ 2011-ին ձեռնամուխ եղավ շենքի վերանորոգմանը։ Սկզբում ծրագրվում էր վերանորոգել, բայց հետագայում որոշվեց քանդել հին շենքը ու նորը կառուցել։ 2012-ի սեպտեմբերի 8-ին հին շենքը պայթեցվեց։ Նոր շենքը կառուցվեց ավելի մեծ տարածքով, բայց ծրագիրը երբեք ամբողջությամբ չիրագործվեց։
Այսօր կրկեսի 76.5% բաժնեմասը պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին, որը գործարար Սամվել Կարապետյանի խմբի մի մասն է։ Ընկերության տնօրենն էլ Նարեկ Կարապետյանն է՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին։