
Ռուբեն Վարդանյանի դատավարական իրավունքները կոպտորեն խախտվել են Բաքվում
Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը զրկվել է անկախ և անաչառ դատարանի առջև պաշտպանվելու արդար հնարավորությունից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարում է՝ Բաքվում իրականացվող դատավարությունն ամբողջությամբ զուրկ է արդար դատաքննության նվազագույն երաշխիքներից։
Ըստ Սահակյանի՝ Վարդանյանին չեն տրամադրել գործի կարևոր նյութերին ծանոթանալու հնարավորություն, խախտվել են նրա դատավարական հիմնարար իրավունքները, իսկ պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները անտեսվել են թե՛ նախաքննական մարմինների, թե՛ դատարանի կողմից։
Փաստաբանի խոսքով՝ գործն անհիմն կերպով փոխանցվել է ռազմական տրիբունալին, այն դեպքում երբ Վարդանյանը քաղաքացիական անձ է և երբևէ որևէ առնչություն չի ունեցել իրավապահ կամ անվտանգային կառույցների հետ։
Ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից։ Նման պայմաններում արդար դատաքննության հասկացությունն ինքնին վերածվում է ձևականության՝ զուրկ որևէ բովանդակությունից, — նշել է Սահակյանը։
Փաստաբանը հավելել է, որ այս ամենը խախտում է ոչ միայն Ադրբեջանի ներպետական օրենսդրությունը, այլ նաև միջազգային իրավունքի նորմերը։
Հիշեցնենք՝ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությունը։ Մեղադրյալների թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և այլք։ Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։