ՀայաստանՍնունդ

Կասեցվել է բարեգործական հիմնադրամին պատկանող հանրային սննդի կետի գործունեությունը

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է դրա արտադրական գործունեությունը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես, սննդի կետի պատերը, առաստաղները, դռները, պատուհանները և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից։

Բացի այդ, սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթներն ու սարքավորումները չեն գտնվել նորոգ վիճակում։ Խախտում է արձանագրվել նաև լվացարանների տեղադրման մասով, քանի որ ձեռքերի և հումքի լվացման համար նախատեսված լվացարանները չեն գտնվել առանձին։ Սննդի կառույցում բացակայել է նաև անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը։

Վերոնշյալ խախտումների հիմքով կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը։ Սահմանվել է վերջնաժամկետ՝ խախտումների վերացման համար։

Սեդա Մարտոյան