
Տերյանն իր տուն վերադարձավ. Գանձայում վերաբացվեց մեծանուն բանաստեղծի վերականգնված տուն-թանգարանը
Վահան Տերյանի 140-ամյակի միջոցառումների շրջանակում վերանորոգված տուն-թանգարանը հանդիսավորությամբ բացվեց Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում՝ բերելով տերյանական ոգին հայրենի հող։ Բացման արարողությունը վերածվեց հայկական և վրացական մշակույթների հանդիպման մի յուրօրինակ պահի։ Մասնակցում էին պետական պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, սփյուռքահայ բարերարներ, Գանձայի բնակիչներ ու պարզապես Տերյանի տողերով ապրող մարդիկ։
Վերականգնման աշխատանքներն իրականացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը։ Դրա ղեկավար Սամվել Մկոյանի խոսքով՝ երբ 2019-ին այցելեցին Տերյանի տուն, պատերն էին միայն մնացել՝ հնամաշ ու խոնավ։
Թանգարանը վերակառուցվել է իր ամբողջական ճարտարապետական ոճով։ Օգտագործվել են այն ժամանակաշրջանի բնորոշ նյութեր, իսկ ցուցադրություններն այժմ համատեղում են պատմական արժեքն ու տեխնոլոգիական մոտեցումները՝ այցելուներին տալով ներգրավող, զգայական փորձառություն։