
7000 նոր թափոնաման, մեկ աղբավայր, փակվող ապօրինի աղբատեղիներ․ մեկնարկել է երկու մարզերի թափոնների միասնական ծրագիրը
Կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակում մի շարք նախապատրաստական աշխատանքներ արդեն իսկ իրականացվել են։
Ծրագրի գործնական մեկնարկը տրվել է Հրազդան քաղաքից։ Առաջիկա ամիսների ընթացքում երկու մարզերում նախատեսվում է տեղադրել շուրջ 7000 թափոնաման, ինչը հնարավորություն կտա սկսելու կազմակերպված աղբահանությունը։ Ըստ ծրագրի՝ երկու մարզերում գործող մի քանի տասնյակ չկարգավորված աղբավայրեր փակվելու են։ Դրանց փոխարեն գործելու է մեկ միասնական սանիտարական աղբավայր, որը կսպասարկի երկու մարզերին։ Այս փոփոխությունը նաև դրական ազդեցություն կունենա Սևանի ավազանի էկոլոգիական վիճակի վրա։
Աղբահանության նոր մոդելի համաձայն՝ թափոնների տեղափոխումը պետք է իրականացվի կենտրոնացված եղանակով՝ աղբահանով։ Եթե նախկինում, հատկապես գյուղական բնակավայրերում, աղբահանությունն իրականացվել է շրջիկ մեքենաներով, ապա այժմ նախատեսվում է այդ վայրերում տեղադրել կայուն թափոնամաններ։
Ծրագրում ընդգրկված են նաև միջազգային փորձագետներ, որոնք առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում մասնակցելու են փորձի փոխանակման ծրագրերին։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին մեկնարկել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը։