
Նոր Հաճնի կամուրջը հուլիսի 16-ից ժամանակավորապես կփակվի
Հրազդանի կիրճի վրայով անցնող Նոր Հաճնի երկհարկանի կամուրջը հուլիսի 16-ից ժամանակավորապես կփակվի։ Ինչպես հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, կամրջի երթևեկությունը կդադարեցվի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով։
Վարորդներին առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ․ առանց կցորդիչի տրանսպորտային միջոցները կամուրջը կարող են շրջանցել Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդիչով մեքենաների համար խորհուրդ է տրվում օգտվել Կարենիս-Չարենցավան-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներից։
Նոր Հաճնի կամուրջը երկհարկանի է․ ստորին հարկով անցնում է երկաթուղին, վերինով՝ ավտոմեքենաները։ Կամրջի երկարությունը 640 մետր է, լայնությունը՝ 14.5 մետր, իսկ բարձրությունը Հրազդան գետից՝ 121 մետր։ Կառույցը բաղկացած է աջափնյա և ձախափնյա էստակադաներից և մետաղական թռիչքային հատվածից։
Հիշեցնենք, որ կամուրջը հիմնանորոգման աշխատանքների պատճառով փակ էր 2024 թվականի օգոստոսի 20-ից։ Դեկտեմբերին հաղորդվել էր, որ երթևեկելի հատվածը վերաբացվել է։ Սակայն համաձայն կապալառուի հետ կնքված պայմանագրի՝ հիմնանորոգման ամբողջական ավարտը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսը։ Ճանապարհային դեպարտամենտը մի քանի անգամ հայտարարություն է տարածել՝ շինարարության ավարտի փոփոխության մասին։ Ժամկետները հոկտեմբերի 6-ից տեղափոխվեցին նոյեմբերի 12, հետո՝ մինչև տարեվերջ։