
Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել
Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Պաշտոնական աղբյուրները դեռ չեն հստակեցնում՝ կոնկրետ ինչ հոդվածներով է նրան մեղադրանք առաջադրվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին հրաժարվում է մեկնաբանել ընթացող վարույթը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Գասպարյանի դեմ նախաքննությունը կապված է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կասկածների հետ։ Մասնավորապես՝ գործը կապվում է Գասպարյանի ընտանիքի անդամների կողմից իրականացված մի շարք աղմկահարույց գործողությունների հետ։ Դրանց թվում առանձնանում է նրա սկեսուրին վերաբերող դեպքը, երբ վերջինս ապօրինաբար կառուցապատում էր հողատարածք՝ առանց համապատասխան թույլտվությունների։
Նշենք նաև, որ մարտի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանում։ Ըստ մամուլի, դեպքից հետո փորձ է արվել վերացնել սպանության հետքերը, ինչը ևս քննիչների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Հետաքննության շրջանակում խուզարկվել է նաև Դիանա Գասպարյանի բնակարանը։