
Քամին կրկին մեծ ավերածություններ է գործել Հայաստանում
Հուլիսի 14-ի երեկոյան ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 10 արտակարգ դեպք․ Երևանում՝ 1, Շիրակի մարզում՝ 1, Տավուշի մարզում՝ 4, Լոռու մարզում՝ 4 դեպք։ Ինչպես հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, ահազանգեր են ստացվել Երևանից, ինչպես նաև Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերից։ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ուժգին քամու և տեղումների պատճառով հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը։
Տեղեկացվում է, որ քամու հետևանքով ծառեր են տապալվել Երևանում, Գյումրիում, Իջևանում, Վանաձորում, Սպիտակում, Տաշիրում և Թումանյանում։ Վնասվել են շենքերի տանիքների թիթեղները, արձանագրվել է բեմահարթակների երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ։
Փրկարարները մի շարք վայրերում իրականացրել են տապալված ծառերի մասնատման և տեղափոխման աշխատանքներ, ամրացրել են թուլացած թիթեղները և կանխել հնարավոր վնասներ՝ ժամանակին վերացնելով վտանգ ներկայացնող մետաղական տարրերը։