ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը դիտարկում է Սյունիքի ճանապարհի կառավարումը փոխանցել ամերիկյան ընկերության․ Փաշինյանը հաստատեց լուրը

Հայաստանի կառավարությունը քննարկում է ճանապարհների արտապատվիրակման առաջարկներ, իսկ ամենաակտիվ քննարկումը այս պահին ընթանում է ԱՄՆ-ի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատեց՝ հայկական կողմը հետաքրքրված է այդ տարբերակով, բայց համաձայնություն դեռ չկա։

Խոսքն այն սցենարի մասին է, երբ Սյունիքի մարզով անցնող ճանապարհի կառուցումը, սպասարկումն ու կառավարումը կարող է իրականացնել ամերիկյան ընկերություն՝ որոշակի ներդրումային պայմաններով։

Լրագրողների հարցին՝ արդյոք այս պահին ամերիկյան մոդելն է առաջնային, վարչապետը պատասխանեց, որ դա այս պահին ամենաակտիվ քննարկվող տարբերակն է։ Բայց գլխավոր տարբերակը չէ, քանի դեռ չկա համաձայնություն։ Վարչապետը փորձեց պարզաբանել, որ արտապատվիրակումը չի նշանակում ինքնիշխանության զիջում։

Օրեր առաջ Middle East Eye-ը հայտնել էր, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է՝ ամերիկյան մասնավոր ընկերությունը կարող է ստանձնել Սյունիքի ճանապարհի կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար։ Սյունիքով անցնող ճանապարհը հետաքրքիր է ինչպես վերոնշյալ երկրներին, այնպես էլ Հնդկաստանին ու Իրանին, քանի որ Հայաստանն արդեն մուտք է ստացել դեպի իրանական Չաբահար նավահանգիստ։

Նավահանգիստը կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» համատեքստում։ Այն կապելու է Հայաստանը Հնդկաստանին։ Ըստ նախագծի՝ ենթադրվում է բեռների տեղափոխում Հնդկաստանի «Մումբայ» նավահանգստից մինչև «Չաբահար», այնուհետև ցամաքային ճանապարհով Հայաստան, ապա՝ Վրաստան։