
Ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը
Հուլիսի 16-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Սյունիքի մարզում ավտոցիստեռնը շրջվել է և մազութը լցվել Ողջի գետ։ Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին Scania մակնիշի կցորդիչով բեռնատարը (ավտոցիստեռն՝ բեռնված 23 տոննա մազութով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ կցորդիչը առանձնացել է բեռնատարից և մասամբ հայտնվել Ողջի գետում:
Ջրային միջավայրում արտահոսած մազութի տարածման վտանգը սահմանափակվել է։ Իրականացվել են արտահոսքի կասեցման, ճանապարհահատվածի լվացման և մաքրման աշխատանքներ։ Ավտոկռունկի միջոցով կցորդիչը դուրս է բերվել գետից։
Դեպքի վայրում իրականացվել է ջրի և հողի նմուշառում՝ պարզելու աղտոտվածության մակարդակը։ Հետագա գործողությունները կսահմանվեն ստացված արդյունքներից ելնելով։ Նախնական արդյունքներով՝ մազութը էական վնաս չի հասցրել շրջակա միջավայրին՝ պայմանավորված իր ֆիզիկական հատկություններով․ այն չի լուծվում ջրում և դժվարությամբ է ներծծվում հողում։
Մազութի ամբողջական մաքրման ավարտից հետո կկատարվեն կրկնակի նմուշառումներ։ Շարունակվում են վերահսկողական աշխատանքները՝ հնարավոր ռիսկերը գնահատելու և կանխարգելելու նպատակով։