ԿրթությունՀայաստան

Կառավարությունը 3.4 միլիարդ դրամ է ուղղում դպրոցների ու մանկապարտեզների կառուցմանն ու վերանորոգմանը

Կառավարությունը որոշել է ավելացնել ավելի քան 3.4 միլիարդ դրամ՝ կրթական ոլորտը զարգացնելու համար։ Գումարը կծառայի շուրջ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման ու գույքի համալրման աշխատանքներին։

2 միլիարդ դրամ կուղղվի շինարարությանը՝ այդ թվում 1.3 միլիարդը՝ դպրոցներին, 700 միլիոնը՝ կրթահամալիրներին։ 545 միլիոն դրամ կծախսվի միջազգային վարկային ծրագրերի փոխարժեքային տատանումների ծածկման վրա։

120.6 միլիոն դրամով 61 նորակառույց կամ ավարտման փուլում գտնվող մանկապարտեզի համար կգնվի գույք ։ Եվս 40 միլիոն դրամ կհատկացվի արագ արձագանքման ֆոնդին՝ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի 25 դպրոցներում առաջացած հրատապ խնդիրների լուծշման համար։

Նախատեսվում է նաև արհեստական բանականության ուսուցման ծրագրի ընդլայնում։ 2024-2025 ուսումնական տարում այն կգործի բոլոր մարզերում։

Բացի այդ, 42 ավագ դպրոց կվերածվի քննական կենտրոնների՝ տեխնիկական նոր սարքավորումներով։ Այստեղ կանցկացվեն ուսուցիչների ատեստավորումներ ու այլ կարևոր գործընթացներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է նաև, որ լավ առաջադիմություն ունեցող աշակերտները կտեղափոխվեն ակադեմիական քաղաք, որտեղ լինելու է ավագ դպրոցների համակարգ։

Սեդա Մարտոյան