
1988-ի երկրաշարժից անօթևան մնացած 7 ընտանիք կստանա պետական աջակցություն
Հուլիսի 17-ին կայացած կառավարության նիստում որոշվել է աջակցություն տրամադրել Լոռու մարզի այն յոթ ընտանիքներին, ովքեր 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո մինչ այժմ զրկված են եղել մշտական ու արժանապատիվ բնակարան ունենալու հնարավորությունից։
Այդ նպատակով պետությունը կտրամադրի շուրջ 52 միլիոն դրամ, որն ուղղվելու է նրանց բնակարանային խնդրի լուծմանը։
Աջակցությունը տրամադրվելու է երկու եղանակով՝ շահառուի ընտրությամբ։ Այն կարող է լինել ուղղակի դրամական աջակցություն կամ բնակարանի գնման վկայագիր։ Գումարը կհաշվարկվի ընտանիքի կազմին համապատասխան՝ 2023 թ․ շուկայական միջին գների հիման վրա։
Ընտանիքները պետք է դիմեն մարզպետարան մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ը։ Եթե նրանք ընտրեն բնակարանի վկայագրով տարբերակը, ապա բնակարան ձեռք բերելու վերջնաժամկետը կլինի 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Դիմում չներկայացրած կամ աջակցությունից հրաժարված ընտանիքները այլևս չեն համարվի տվյալ ծրագրի շահառու։ Սակայն նրանք կպահպանեն մասնակցության իրավունք՝ այլ պետական կամ համայնքային բնակարանային ծրագրերում։
Հատկանշական է նաև, որ ընտանիքները, որոնք կօգտվեն աջակցության ծրագրից, պարտավորվում են ապամոնտաժել իրենց զբաղեցրած ժամանակավոր շինությունները՝ ըստ 2009 թվականի կառավարության որոշման։
Ծրագրի իրականացման համակարգումը վստահվել է Լոռու մարզպետարանին, որն ապահովելու է շահառուների ծանուցումը, պայմանագրերի կնքումը և միջոցների փոխանցումը։ Իսկ Քաղաքաշինության կոմիտեն պարտավոր է քառորդական և ամփոփ հաշվետվություններ ներկայացնել կառավարությանը՝ մինչև 2027 թվականի փետրվարի 15-ը։