
Կոնյակ արտադրողների վարկերի մարման ժամկետը կերկարաձգվի՝ Վրաստանում առաջացած տարանցման խնդիրների պատճառով
ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց՝ մինչև 6 ամսով հետաձգել 2022–2023 թվականներին խաղողի մթերման համար տրամադրված արտոնյալ վարկերի մարման ժամկետները։ Սա վերաբերում է այն տնտեսվարողներին, որոնք տուժել են Վրաստանի տարածքով կոնյակի տարանցման ձգձգումներից։
Վարկերը նախատեսված էին կոնյակի գործարանների ու խաղող մթերող տնտեսությունների համար։ Դրանք սուբսիդավորվում են պետության կողմից՝ խաղողի մատակարարներին ժամանակին վճարումներ կատարելու նպատակով։ Սակայն վերջին ամիսներին մի շարք արտադրողներ հայտարարել են վնասների մասին՝ պայմանավորված Վրաստանի սահմանին առաջացած խոչընդոտներով։
Մասնավորապես՝ կոնյակի բեռնատարները վրացական անցակետերում մի քանի շաբաթ կանգ են առել՝ լաբորատոր ստուգումների պատճառով։ Տնտեսվարողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին անցկացրել Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով վերացնել արհեստական խոչընդոտները։
Հարցի քննարկման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել էր Թբիլիսի։ Հայ-վրացական բանակցությունների արդյունքում որոշակի առաջընթաց է արձանագրվել։
Մինչ այդ, սակայն, կառավարությունը որոշել է ժամանակավոր միջոցներ ձեռնարկել՝ մեղմելու վարկային ճնշումը։ Տնտեսվարողներին հնարավորություն է տրվում մինչև սեպտեմբերի 1-ը նոր մթերման պայմանագրեր կնքել և իրականացված ծավալների հիման վրա օգտվել ժամկետի երկարաձգումից։