
ՀԷՑ-ում կադրային վերադասավորումներ են տեղի ունենում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում (ՀԷՑ) նշանակվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հաստատած իրավական ակտերի հիման վրա։ ՀԷՑ-ի հաղորդագրության համաձայն՝ այս փոփոխությունները միտված են ոլորտում հնարավոր էներգետիկ ճգնաժամի կանխարգելմանը, պետական անվտանգության ապահովմանը, ինչպես նաև՝ ընկերությունում նախկինում արձանագրված չարաշահումների քողարկման բացառմանը և ապագա նմանատիպ դեպքերի կանխմանը։
Ըստ հաստատված նշանակումների՝ Լևոն Օհանեսյանը նշանակվել է Գլխավոր տնօրենի տեղակալ՝ Իրացման տնօրենի պաշտոնում։ Նա ունի շուրջ 25 տարվա փորձ պետական և մասնավոր կառավարման ոլորտներում։ Գլխավոր տնօրենի տեղակալ՝ Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է դարձել Արմեն Շահնազարյանը՝ ևս 25 տարվա փորձով ֆինանսական և վարչական համակարգերում։ Անվտանգության և վերահսկողության տնօրենի պաշտոնում նշանակվել է Դավիթ Սարգսյանը, ով երկարամյա աշխատանքային փորձ ունի ինչպես պետական կառավարման, այնպես էլ անվտանգային ոլորտներում։ Իսկ Արման Սմբատյանը նշանակվել է Իրացման տնօրենի տեղակալ՝ Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն։ Նա ևս ունի շուրջ երկու տասնամյակ մասնագիտական գործունեության փորձ։
Այս նշանակումները տեղի են ունեցել ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման ձևաչափի հաստատումից հետո, երբ 2025 թվականի հուլիսի 1-ին Ազգային ժողովը ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթ։ Դրանք ընդլայնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիազորությունները՝ ներառյալ էներգետիկ համակարգի հուսալիության խաթարման դեպքերում կանխարգելիչ միջոցներ կիրառելու և վարչական վարույթ սկսելու իրավունքը։ Օրենքում ամրագրվեց նաև, որ ՀԾԿՀ նախագահը կարող է որոշում կայացնել նման միջոցառումների անցկացման վերաբերյալ՝ հիմնվելով առերևույթ վտանգների վրա։
Չնայած օրենսդրական փոփոխություններում ՀԷՑ-ի անունը բացահայտ չի նշվում, ընդդիմադիր պատգամավորներն ու ոլորտի որոշ փորձագետներ համոզված են՝ նախաձեռնությունները փաստացի ուղղված են ընկերության նկատմամբ վերահսկողությունը վերականգնելուն և դրա հնարավոր պետականացմանը։