
175 մլն դրամ արժողությամբ հողամասը ապօրինաբար գրանցվել է քաղաքացու անունով
Երևանի համայնքին պատկանող՝ շուրջ 175 մլն դրամ արժեքով հողամասը տարիներ առաջ անօրինաբար գրանցվել է որպես քաղաքացու սեփականություն։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված քննությամբ պարզվել է, որ 2006–2007 թվականներին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանման պետը, իր երկու գործընկերների հետ նախնական համաձայնությամբ, խախտել է օրենքը և քաղաքացու անունով գրանցել հողամասի սեփականության իրավունքը։
Խոսքը Երևանի Ազատության պողոտա 26/1 հասցեում գտնվող՝ մոտ 2963 քմ մակերեսով հողամասի մասին է, որն այդ ժամանակ արդեն իսկ տրամադրված է եղել «Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի աշխատակազմին»՝ անհատույց օգտագործման իրավունքով։
Չունենալով որևէ իրավական հիմք և անտեսելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները՝ 2007 թվականի ապրիլի 17-ին պաշտոնյաները քաղաքացուն սեփականության վկայական են տրամադրել, ինչի արդյունքում Երևան համայնքը զրկվել է այդ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից և կրել է զգալի վնաս։
Այսօր արդեն մեղադրանք է առաջադրվել նախկին պաշտոնատար անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։