
Հայաստանը ներկայացնող դայվերը ցատկի ժամանակ ծանր վնասվածք է ստացել
Սինգապուրում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանի դրոշի տակ հանդես եկող դայվեր Նիկիտա Ֆեդոտովը ծանր վնասվածք է ստացել։
30-ամյա մարզիկը ցատկել է ավելի քան 20 մետր բարձրությունից, սակայն սխալ հաշվարկի հետևանքով ջուրն ընկել է կրծքավանդակով։ Սա կարող է չափազանց վտանգավոր լինել՝ հաշվի առնելով ցատկի արագությունն ու ջրի ճնշումը։ Մրցավարներն ու բժիշկները անմիջապես արձագանքել են։ Մարզիկը ջրից դուրս է բերվել մասնագետների օգնությամբ և տեղափոխվել է բուժօգնության։ Նա չի կարողացել ինքնուրույն քայլել ու մարզադաշտից դուրս է բերվել անվասայլակով։
Սակայն Ֆեդոտովը, չնայած ցավին ու սթրեսին, ժեստերով հասկացրել է, որ գիտակից է ու վիճակը վերահսկվում է։
Նիկիտա Ֆեդոտովը ծնունդով Ռուսաստանից է, բայց արդեն մի քանի տարի է՝ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Նա պրոֆեսիոնալ հայդայվեր է՝ մասնակցում է ՄՕԿ-ի կողմից ճանաչված այս սպորտաձևին, որտեղ մարզիկները ջուրը ցատկում են 20–27 մետր բարձրությունից՝ խիստ ռիսկային ու հաշվարկված շարժումներով։
Ջրային մարզաձևերի այս առաջնությունը նախատեսված էր անցկացնել Կազանում, սակայն միջազգային իրավիճակով պայմանավորված՝ 2023-ին տեղափոխվել է Սինգապուր։