
Աշտարակում դեմ են «Մուլտի տրանսպորտ» ընկերությանը․ տրանսպորտը ոչ միայն թանկացել է, այլև ուշացումներով է աշխատում
Աշտարակ քաղաքի ավտոկայանում բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառը տրանսպորտային իրավիճակն է։ Նոր ընկերությունը՝ «Մուլտի տրանսպորտը» չի կարողանում պատշաճ սպասարկել քաղաքացիներին։ Նշում են, որ տրանսպորտն ուշացումներով է աշխատում։ Բողոքում են նաև տրանսպորտի թանկացումից։
Բնակիչներից մեկը բարձրաձայնում է, որ եթե նախկինում 500 դրամով հնարավոր էր Ոսկեվազից հասնել Երևան ու վերադառնալ, հիմա 200 դրամ պիտի վճարի Աշտարակ հասնելու, ևս 300 դրամ՝ Երևան հասնելու համար։
Աշտարակ քաղաքի ավտոկայանում էր նաև համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։ Նա հայտարարեց՝ եթե մինչև ուրբաթ քաղաքացիների բարձրացրած հարցերը լուծում չստանան, առաջիկա ուրբաթ քաղաքապետարանում կընդունի նրանց։
Բողոքի ակցիաները նաև ապրիլ ամսին են եղել։ Ապրիլի 9-ին Կառավարությունում հանդիպում էր կազմակերպվել Պռոշյանի և Քասախի բնակիչների հետ՝ տրանսպորտի հարցի քննարկման նպատակով։ Արդյունքում որոշվել է Պռոշյանի համար պահպանել 25 համարի երթուղին (փոփոխված երթուղով), սակայն Քասախի բնակիչների պահանջած 59 համարի երթուղին չի վերականգնվելու։ Սա էլ դարձել րէ բնակիչների դժգոհության և բողոքի ակցիայի պատճառը։ 25 երթուղին ոչ թե կհասնի գյուղ, այլ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի և կվերադառնա Երևան։