
Ինչո՞ւ ենք մենք Վարդավառ նշում և ի՞նչ պատմություն ունի ջուր ցողելու սիրված սովորույթը
Այսօր Հայաստանով մեկ փողոցները, բակերն ու այգիները լցվում են ջրով, ծիծաղով ու ուրախությամբ։ Մարդիկ ցողում են միմյանց ջրով, երեխաները հրճվում են, իսկ մեծերը՝ ժպտում։ Այս օրը մենք բոլորս գիտենք որպես Վարդավառ, բայց գիտե՞ք, թե որտեղից է գալիս այս տոնը, ինչ նշանակություն ունի այն, և ինչու է այն համարվում ոչ միայն ժողովրդական, այլ նաև եկեղեցական մեծ տոն։
Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։ Եկեղեցին այս օրը նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը։ Երբ Քրիստոս բարձրացավ Թաբոր լեռ իր երեք աշակերտների՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ։ Աղոթքի պահին Քրիստոս պայծառացավ նրանց առաջ, դեմքը փայլեց ինչպես արեգակը, իսկ հագուստը դարձավ ճերմակ, ինչպես լույսը։ Նրանց առջև հայտնվեցին Մովսեսը և Եղիան, որոնք խորհրդանշում էին Հին Ուխտի մեծագույն կերպարները։ Այդ պահը համարվում է Քրիստոսի աստվածային էության բացահայտումը։
Վարդավառը մեր ժողովրդի մոտ շատ ավելի հին պատմություն ունի, քան քրիստոնեությունը։ Այն գալիս է հեթանոսական ժամանակներից՝ կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի հետ։ Հատկապես հուլիսին, երբ դաշտային հիմնական աշխատանքները ավարտված էին, մարդիկ շնորհակալություն էին հայտնում բնությանը՝ բերքի առատության և ջրի կենդանարար ուժի համար։ Դաշտից հնձված հասկերը տանում էին մեհյաններ, զոհաբերում գառներ, աղոթում ջրերի ակունքների մոտ՝ հույսով, որ հաջորդ տարին նույնպես բերքաշատ ու օրհնված կլինի։
Ջուր ցողելու սովորույթը հենց այդ հեթանոսական արմատներից է գալիս։ Ջուրը խորհրդանշում էր մաքրում, կյանք, պտղաբերություն։ Իսկ տոնի անունը՝ «Վարդավառ», ըստ մի վարկածի, ծագում է վարդաջուր ցողելու սովորությունից՝ ի պատիվ Աստղիկի։ Եկեղեցին հեթանոսական այդ տոնին նոր բովանդակություն է տվել՝ կապելով այն Քրիստոսի պայծառակերպության հետ։ Այսպիսով՝ Վարդավառը մի յուրահատուկ օր է, երբ մեր նախնիների ավանդույթները միաձուլվել են հավատքի հետ՝ ստեղծելով տոն, որն ապրում է դարեր շարունակ։
Այս օրը եկեղեցում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ հաջորդ օրը Մեռելոց է՝ աղոթք ննջեցյալների հոգիների համար։
Այսպես, Վարդավառը միայն ջուր ցողելու տոն չէ։ Այս տոնը մեզ հիշեցնում է՝ մաքրությունը, շնորհակալությունը, ուրախությունն ու հավատքը միասին կարող են մեր կյանքը դարձնել լույսով լի։