
Ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց. Պուշկինի դպրոցի անձնակազմը դեմ է տնօրենի փոփոխությանը
Հուլիսի 28-ին Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի մանկավարժական կազմը և ծնողներն ակցիա են անցկացրել քաղաքապետարանի դիմաց։ Նրանց մտահոգության պատճառը դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի փոփոխության շուրջ տարածված տեղեկություններն են։ Ցուցարարները պահանջում են, որ տնօրենի պաշտոնում շարունակաբար աշխատի Զառա Բարսեղյանը, որը, ըստ նրանց, ունի դպրոցում երկարամյա փորձ և վայելում է ծնողական ու մանկավարժական համայնքի լիակատար աջակցությունը։
Դպրոցի փոխտնօրենը նշում է, որ վերջերս լրատվամիջոցներից իմացել են՝ մեկ այլ դպրոցի նախկին տնօրենը տեղափոխվել է Պուշկինի դպրոց՝ որպես նոր ժամանակավոր պաշտոնակատար։ Սա, ըստ նրա, անակնկալ է եղել թե՛ անձնակազմի, թե՛ ծնողների համար։ Նա հիշեցրել է, որ ամիսներ առաջ քաղաքի պատասխանատու պաշտոնյաները վստահեցրել էին՝ փոփոխություններ չեն նախատեսվում, և ժամանակավոր պաշտոնակատարը կմնա Բարսեղյանը։
Դպրոցը պատրաստվում է նոր ուսումնական տարվան, և անձնակազմը շատ վիրավորված է։ Ուսուցիչներից շատերն ասում են՝ պատրաստ են դիմումներ գրել և սեպտեմբերի 1-ին չներկայանալ աշխատանքի։ Ծնողներն էլ նշում են, որ այս պայմաններում երեխաներին դպրոց չեն բերի։ Մենք նամակով դիմել ենք քաղաքային իշխանություններին՝ հորդորելով հարգել համայնքի կամքը և Զառա Բարսեղյանին թողնել պաշտոնում,- հավելել է նա։
Ծնողների շրջանում նույնպես դժգոհություններ են։ Նրանց խոսքով՝ իրենք մշտապես լսել են, որ մինչև տնօրենի հետ կապված դատական գործընթացի ավարտը, ժամանակավոր պաշտոնակատարը կլինի դպրոցի ներսից։
Հիմա տեղեկություններ են տարածվում, թե դպրոցի տնօրենի պաշտոնում դրսից մարդ է նշանակվելու։ Սա մեզ համար անընդունելի է։ Զառա Բարսեղյանը և մնացած ուսուցիչները մեծ վստահություն են վայելում։ Մենք չենք ուզում, որ դպրոցի տարիներով ձևավորված մթնոլորտը քանդվի, – ասել է ծնողներից մեկը՝ հավելելով, որ չի պատրաստվում իր երեխային դպրոց ուղարկել, եթե Բարսեղյանը չմնա պաշտոնում։